Հասարակական

Ստոկհոլմում կայացել է Հայաստանին նվիրված Սբ Ծննդյան բարեգործական ճաշկերույթ

2 րոպեի ընթերցում

Ստոկհոլմում կայացել է Հայաստանին նվիրված Սբ Ծննդյան բարեգործական ճաշկերույթ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստոկհոլմի արքայական օպերայի շենքում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Ստոկհոլմի Կանանց Միջազգային ակումբի ամենամյա Սբ Ծննդյան բարեգործական ճաշկերույթը, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և կազմակերպվել էր ՀՀ դեսպանության հետ միասնաբար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցերեկույթին ներկա էին արքայադուստր Մարիա Բերնադոտը, Շվեդիայում հավատարմագրված կին դեսպաններ և դիվանագետներ, շվեդ ազնվականության և մտավորականության ներկայացուցիչներ։

Ստոկհոլմի Կանանց Միջազգային ակումբի անունից նախագահ Պիրյո Սոպի-Սանդելը շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին և նրա տիկնոջն ամենամյա այս միջոցառումը հովանավորելու համար։

Միջոցառման ավելի քան 150 մասնակիցներ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին, տոնական հայկական զարդարանքներով սեղանների շուրջ համտեսեցին հայկական քաղցրավենիքներ և գինի, ունկնդրեցին Կոմիտասի ստեղծագործությունները Շվեդիայում բնակվող հայ երաժիշտների «Հայկանի» տրիոյի կատարմամբ։

Մասնակիցներին բաժանվեց Հայաստանի և ամանորյա հայկական ավանդույթների մասին դեսպանության կողմից պատրաստված գրքույկ և հայկական զարդեր և քաղցրավենիք։

Բարեգործական աճուրդով վաճառված հայկական հուշանվերների, կոնյակների և գինիների ողջ հասույթը տրամադրվելու է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին, որը սոցիալական աջակցություն է ցուցաբերում նյութապես անապահով կամ լքված մայրերին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում